ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«ԱՄՆ-ը լուծում է գլոբալ վերահսկողության խնդիր, իսկ քաոսը նման վերահսկողության ամենանպաստավոր պայմանն է»

«ԱՄՆ-ը լուծում է գլոբալ վերահսկողության խնդիր,  իսկ քաոսը նման վերահսկողության ամենանպաստավոր պայմանն է»
08.07.2014 | 00:15

Վերջին շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել Իրաքում, տարածաշրջանում մեծացել է քրդական գործոնի ազդեցությունը: Փորձագետները խոսում են քրդական պետության ստեղծման մասին:
Այս թեմաների շուրջ զրուցում ենք թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված լարվածությունն Իրաքում:
-Իրաքյան խնդիրը ունի տասնամյակների պատմություն: Երբ 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրով ստեղծվեց Իրաքն այսօրվա սահմաններով, Մեծ Բրիտանիան օգնեց սուննի փոքրամասնության ներկայացուցիչներին իշխանությունն իրենց ձեռքն առնելու` համարելով, որ այդպես Իրաքը կլինի ավելի վերահսկելի: Այսպես արտաքին ուժերի ներգործությամբ տասնամյակներ շարունակ սուննիներն իշխեցին մեծամասնություն կազմող շիաների և քրդերի վրա և շատ դաժանորեն վարվեցին նրանց հետ: Բանը հասավ անգամ քրդական բնակավայրերի ռմբակոծությանը քիմիական զենքով: Այս ամենը տեղի էր ունենում աշխարհի գերուժերի լուռ համաձայնությամբ: ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումից հետո ԱՄՆ-ն անմիջապես լուծարեց Իրաքի զինված ուժերը. ԱՄՆ-ի մտահոգությունն այն էր, որ Սադամ Հուսեյնի հավատարիմ հրամանատարները կարող են վրեժխնդիր լինել: ԱՄՆ-ն անմիջապես շիա մեծամասնության ներկայացուցիչներին փոխանցեց իշխանությունը, սրանք էլ իրենց տասնամյակների կուտակած զայրույթն ուղղեցին սուննիների դեմ: Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը մտավ տարածաշրջան ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Իրաքի նավթի վերահսկողությունը վերջնականապես իրականացնելու խնդրով: Իրաքի գրավմանը հաջորդած կենտրոնական իշխանության թուլացումը, կուռ բանակի բացակայությունը, քաոսային վիճակը, սուննիների կտրուկ հեռացումն իշխանությունից նպաստեցին սուննի ծայրահեղականների քանակի աճին, իսկ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը, օգնեցին նրանց արդիականացնելու զենքերը և լուրջ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու: 2011 թ. «Ալ-Քաիդայի» ղեկավար ՈՒսամա բեն Լադենի և մի շարք այլ խարիզմատիկ ղեկավարների սպանությունից հետո կազմակերպության նոր ղեկավարը չկարողացավ պահպանել միասնականությունը, և «Ալ-Քաիդային» ժամանակին միացած մի շարք խմբավորումներ հեռացան նրանից: Նրանց մեծ մասը Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ նույն թվականին Իրաքից տեղափոխվեց Սիրիա, իհարկե, ԱՄՆ-ի լռելյայն համաձայնությամբ, իմա` հովանավորությամբ: Ենթադրվում էր, որ համապատասխան ֆինանսական և ռազմական աջակցության պարագայում այս խմբավորումներն արագ կքանդեն Սիրիան, միաժամանակ լուծվում էր մեկ այլ խնդիր` Իրաքից դուրս էին բերվում ծայրահեղական խմբավորումները, և ԱՄՆ-ը, համարելով իր առաքելությունը ավարտված, նույն 2011-ին զորքերը հանեց Իրաքից: Սիրիական խառնաշփոթից հատկապես օգտվեց վերոհիշյալ սուննի ծայրահեղական խմբավորումներից մեկը` ԴԷԱՇ-ը (կամ «Դոլաթե Էսլամիե Արաղ վ Շամ» թարգմանաբար` «Իրաքի և Սիրիայի իսլամական կառավարություն»), որի մարտիկները ժամանել էին Սաուդյան Արաբիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից ու հատկապես Եվրոպայից: Այսինքն, նրանց մեծամասնությունը ո՛չ սիրիացի է, ո՛չ էլ իրաքցի: Թուրքիայի աջակցությամբ նրանց հաջողվեց գրավել Սիրիայի հյուսիսային շրջանը, իրենց համար ստեղծել անվտանգ տարածք: Դեռ ավելին, բավականին ցածր գներով վաճառելով այդ տարածքում գտնվող նավթը Թուրքիային` կազմակերպությունը շատ արագ բազմապատկեց իր ֆինանսական միջոցները: Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ` այն կազմում է ավելի քան 870 մլն ԱՄՆ դոլար: ՈՒնենալով ֆինանսական լուրջ կարողություն, օգտվելով այն քաղաքական, կրոնական և բարոյական ազդեցությունից, որ ունեն Թուրքիան և Սաուդյան Արաբիան Իրաքի սուննիների վրա, և նրանց տեղեկատվական հովանավորությունից` ԴԷԱՇ-ը կարողացավ շատ արագ իր շուրջը հավաքել ԲԱԱՍ կուսակցության (Սադամ Հուսեյնի կուսակցությունը) մնացորդները, արագ գրավել մի քանի կարևոր քաղաք և իր իշխանությունը տարածել Սիրիայի և Իրաքի այն տարածքների վրա, որտեղ սուննիները մեծամասնություն էին կազմում: Այսպիսի արագ առաջխաղացումը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի համաձայնության. բավական է նշել թեկուզ այն փաստը, որ Իրաքում ԱՄՆ-ի թողած ռազմական տեխնիկայի ու զինամթերքի մեծ մասն արդեն գտնվում է ԴԷԱՇ-ի մարտիկների ձեռքում, իսկ Միջին Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը, կանգնած են այս կազմակերպության թիկունքին: Իրաքի ներկայիս իշխանությունները սուննիներին և քրդերին գրեթե դուրս են մղել իշխանության լծակներից, ինչը դժգոհություն է առաջացրել վերջիններիս մեջ և մղել սուննիներին դեպի ԴԷԱՇ: Այս պահին Արևմուտքից մի նոր ծրագիր է առաջարկվում` Իրաքը բաժանել երեք մասի` շիաների, սուննիների և քրդերի միջև ու երկիրը վերածել դաշնության:
-Ամերիկյան «ժողովրդավարությունը», որ փորձում է հաստատվել Իրաքում, փաստորեն, խաղաղություն չի բերում:
-Այսպես կոչված «ամերիկյան ժողովրդավարությունը» որևէ ժողովրդի խաղաղություն չի էլ բերել, քանի որ նման նպատակ երբեք չի հետապնդվել: ԱՄՆ-ը լուծում է գլոբալ վերահսկողության խնդիր, իսկ քաոսն ամենանպաստավոր պայմանն է նման վերահսկողություն իրականացնելու: «Արաբական գարնան» անվան տակ տակնուվրա եղան Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը, Ալժիրը, Սիրիան: Այս երկրները մինչ «գարունները» կայուն վիճակում էին, և կայուն էր նրանց տարածաշրջանը: Մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել Ձեր ուշադրությունը. «արաբական գարուններից» հետո տվյալ պետությունները գրեթե դադարեցրին նավթի արտահանումը Չինաստան: Հետաքրքիր փաստ է, այնպես չէ՞։
-Շիաների և սուննիների բախումները ի՞նչ հետևանքներ կունենան Մերձավոր Արևելքում, Իրանում, Թուրքիայում: Չե՞ք կարծում, որ եկել է ժամանակը, երբ շիա և սուննի համայնքները բացահայտ չափում են ուժերը` տարածաշրջանում գերիշխանություն նվաճելու համար:
-Շիաների և սուննիների միջև, մեծ հաշվով, խնդիրներ գոյություն չունեն: Իրանում բացարձակ մեծամասնություն կազմող շիաները հազարավոր տարիներ խաղաղ գոյակցել են սուննիների հետ: Հակասության առկայության միֆը շահարկվում է տարածաշրջանի այն պետությունների կողմից, որոնք ցանկանում են մեծացնել իրենց ազդեցությունն ու նշանակությունը իսլամական աշխարհում: Դրանք են` Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը, որտեղ հիմնականում ապրում են սուննիներ: Կրակին յուղ է լցնում Իսրայելը, որն իսլամական աշխարհի միասնությունը համարում է վտանգ իր գոյությանը: Սրանց պետք է ավելացնել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի` ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի ներգործությունը: Արդյունքում Իրաքի և Սիրիայի սուննիներն ու շիաները քրդերի հետ իրար կոտորում են: Ոչ պակաս կարևորություն ունեն ԱՄՆ-Իրան բանակցությունները միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում: Այս բանակցությունների ընթացքին ԱՄՆ-ի միջինարևելյան դաշնակիցները հետևում են մեծ ուշադրությամբ և խանդով` չլինի՞ թե ԱՄՆ-ը և Իրանը լեզու գտնեն և, Աստված ոչ անի, սկսեն համագործակցել տարածաշրջանային հարցերում: ԱՄՆ-ը և Իրանը գուցե երբեք էլ դաշնակիցներ չդառնան, բայց տարածաշրջանում կան համագործակցության բազում բնագավառներ, որոնք կարող են այս երկրների մերձեցման պատճառ հանդիսանալ:
-Քրդական գործոնը ի՞նչ դեր կարող է ունենալ այս հակամարտությունում:
-Քրդերն այս հակամարտության արդյունքում բավականին շահեկան դիրքում են հայտնվել: Երբեք չունենալով պետականություն` նրանք այսօր հայտնվել են պետություն և երկիր ունենալու շեմին: Այդ երկրի առաջացումը, երկարաժամկետ կտրվածքում, կարող է որոշ երկրների քարտեզներ վերափոխել: Դրանք են` Թուրքիան, Իրանը, Իրաքը և Սիրիան: Առայժմ քրդերը, խուսափելով լուրջ բախումներից ԴԷԱՇ-ի հետ, օգտվում են իրավիճակից, նպատակ ունենալով հնարավորինս ընդլայնելու իրենց ինքնավարության տարածքները. օրինակ, ի թիվս այլոց, նրանց հաջողվեց գրավել ի սկզբանե իրենց ինքնավարության մաս չկազմող նավթառատ Քիրկուկ քաղաքը: Դա հնարավոր եղավ իրաքյան բանակի բացակայության պատճառով: Դժվար թե խաղաղության վերահաստատումից հետո ձեռք բերված տարածքները վերադարձվեն:
-Այս ամենն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ Հայաստանի, ԼՂՀ-ի վրա:
-Հայաստանը գտնվում է այս անկայուն տարածաշրջանի հարևանությամբ, և ցանկացած փոփոխություն տարածաշրջանում ուղղակի է ազդում Հայաստանի վրա: Տասնյակ տարիների պատերազմները Լիբանանում, Իրանում, Իրաքում, ներկայումս էլ Սիրիայում հարյուր հազարավոր հայերի պարտադրել են գաղթել պատմական հայրենիքին աշխարհագրորեն մոտ գտնվող գաղութներից: Նրանցից ընդամենը մի քանի հազարն են եկել Հայաստան: Որքան մեծանում է հային իր պատմական հայրենիքից բաժանող տարածությունը, այնքան ավելի հավանական է դառնում ձուլումը: Տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական հզոր «երկրաշարժեր», որոնք կարող են լրջորեն ձևափոխել տարածաշրջանի քարտեզը: Նման իրավիճակից եթե ոչ օգտվելու, առնվազն չվնասվելու համար, անհրաժեշտ է աչալրջորեն հետևել իրադարձություններին և գոնե կարճաժամկետ կանխատեսումներ ունենալ:


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ